Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությունը:

«Մանրամասն ուսումնասիրվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը: Կողմերը փոխադարձ անհանգստություն են հայտնել Իդլիբի դեէսկալացիոն գոտում իրավիճակի սրման կապակցությամբ»,- գրված է հայտարարությունում: Նշվում է, որ Պուտինն ուշադրություն է դարձրել ահաբեկչական խմբավորումների ակտիվացման վրա, որոնց գրոհների արդյունքում զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Կողմերն այս առիթով պայմանավորվել են ձեռնարկել հրատապ միջոցներ: Էրդողանը, իր հերթին, խոսելով Սիրիայում թուրք զինվորների հրետակոծության մասին, նշել է, որ հետագայում, եթե նման գործողությունները կրկնվեն, «Անկարան կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը»: