Թրամփը հայտարարել է, որ Փելոսին խախտել է օրենքը` հրապարակավ պատռելով իր ելույթի տեքստը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խախտել է օրենքը` հրապարակավ պատռելով ժողովրդին ուղղված իր ելույթի տեքստը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Նա վատ արարք թույլ տվեց` պատռելով տեքստը: Առաջին հերթին, դա պաշտոնական փաստաթուղթ է, որը ոչնչացնել չի թույլատրվում: Փելոսին խախտել է օրենքը, նրա քայլն անօրինական է»,- պնդել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձով հանդես գալու արարողությանը նրա և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի միջև չափացանց լարված շփում է եղել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Թրամփը մտել է դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին:

Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Փելոսին Թրամփի պաշտոնանկության գործընթացի գլխավոր նախաձեռնողներից էր և տարբեր առիթներով բուռն քննադատել է նրա վարած քաղաքականությունը: Սակայն ԱՄՆ Սենատն արդարացրել է Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ: Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվել է՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մասով: