Էրդողանը հայտարարել է Իդլիբում 14 թուրք զինծառայողի մահվան մասին և սպառնացել Սիրիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հարձակումներ իրականացնել Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ նույնիսկ Իդլիբի «անվտանգության գոտուց» դուրս ընկած տարածքում, եթե սիրիական զորքերը շարունակեն հարձակումներ գործել Իդլիբում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Վերջին օրերի ընթացքում ռեժիմի հարձակման հետևանքով մենք 14 զոհ և 45 վիրավոր ունենք: Ռեժիմն ու Ռուսաստանը հիմնականում հարվածներ են հասցնում ոչ թե ահաբեկիչների, այլ խաղաղ բնակիչների ուղղությամբ: Նպատակն այդ շրջանն օկուպացնելն է, որպեսզի ստիպեն բնակիչներին շարժվել մեր սահմանների ուղղությամբ: Մենք փորձում էինք գործել Սոչիի համաձայնագրերի շրջանակում, բայց մեզ տրված խոստումը ոչ ոք չպահեց: Այդ հարձակումները սկսել են թիրախավորել Թուրքիան»,-ասել է Էրդողանը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ ունեցած ելույթի ժամանակ:

Թուրք առաջնորդի խոսքով` Անկարան կգործի` կախված ստեղծված իրավիճակից, և «չի սպասի այդ անվերջ բանակցությունների արդյունքներին»:

«Մենք գործելու ենք: Մինչև փետրվարի վերջ կստիպենք ռեժիմի ուժերին դուրս գալ Սոչիի համաձայնագրով նախատեսված տարածքից: Նրանք պետք է իմանան, որ հարձակման կենթարկվեն նույնիսկ այն ժամանակ, եթե իրենց հարձակումները տեղի ունենան Սոչիի համաձայնագրով նախատեսված տարածքից դուրս»,-հավելել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը: