Արթուր Աֆրիկյանը նախկին նախարարի գործով ցուցմունք է տալու՞

Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Աֆրիկյանը շուտով կլինի Հայաստանում։ Նշվում է, որ նա համաձայնել է գալ և անհրաժեշտ ցուցմունքներ տալ։

Հակառակ դեպքում՝ նրան զգուշացվել է, որ նա ձերբակալվելու է Դուբայում և արտահանձնվի։

Ըստ տեղեկությունների՝ նա պատրաստվում է ցուցմունքներ տալ ֆինանսների նախկին նախարարի գործով։

Փետրվարի 8-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ դեռեւս 2019 թ. փետրվարին ՊԵԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած եւ քննվող քրգործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք:

Հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն նշել էր ֆինանսների նախկին նախարարի եւ նրա տեղակալի մասին, սակայն անունները չէր հստակեցրել: Խոսքը Գագիկ Խաչատրյանի եւ Արթուր Աֆրիկյանի մասին է: Այս տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Ըստ ԱԱԾ-ի՝ 2014-2016 թթ. ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը (Արթուր Աֆրիկյանը - հեղ.) վերադասի՝ ֆինասների նախկին նախարարի (Գագիկ Խաչատրյանի - հեղ.) հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2.282.387.249 դրամ արժողությամբ 8.500 միավոր էլեկտրոնային կողպեք: Մինչդեռ, ԱԱԾ-ի փոխանցմամբ, մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը 2000 կողպեք, իսկ փաստացի մինչեւ 2019 թ. հոկտեմբեր ամիսն օգտագործվել է ընդամենը 251 միավոր կողպեք։

Գ. Խաչատրյանի եւ Ա. Աֆրիկյանի գործողությունների հետեւանքով, համաձայն ԱԱԾ հաղորդագրության, ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլեւ կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1.747.195.905 դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետեւանքներ: