ԱՄՆ Սենատը մտադիր է սահմանափակել Իրանի հարցով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները

ԱՄՆ Սենատը մտադիր է հինգշաբթի հաստատել Իրանում ռազմական գործողություններ իրականացնելու հարցով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակելու մասին բանաձևը: Ինչպես գրում է Politico պարբերականը, դրա համար արդեն կան հանրապետականների՝ անհրաժեշտ թվով ձայներ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նմանատիպ բանաձև էր ընդունել, որը, սակայն, օրենքի ուժ չունի: Սենատում քննարկվող այս բանաձևը կառուցվածքով և բովանդակությամբ տարբերվում է, և դրա ճակատագիրը դժվար թե հաջողությամբ պսակվի, քանի որ Թրամփը մտադիր չէ այն հաստատել:

Նա արդեն իսկ քննադատության է ենթարկել բանաձևը՝ հայտնելով, որ այն հանրապետականներին խանգարելու՝ դեմոկրատների կողմից արվող հերթական փորձն է, և որ այժմ «թուլություն դսրևորելու ժամանակը չէ»:

Պարբերականը նշում է, որ դեմոկրատների 47 ձայներից բացի բանաձևին կողմ քվեարկելու մտադրություն ունեն նաև հանրապետականներ Սյուզան Քոլլինզը, Թոդ Յանգը, Մայք Լին, Ռենդ Փոլը, և Ջերի Մորանը:

Բանաձևի տեքստը Թրամփին պարտավորեցնում է «Իրանի դեմ ուղղված բոլոր թշնամական գործողությունները դադարեցնել 30 օրվա ընթացքում»: