«Ունենք վարակման 249 դեպք, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը ծանր». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին՝ կապված կորոնավիրուսի համավարակի և երկրում արտակարգ դրության հետ։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 249 դեպք՝ 14 դեպք ավելի, որոնցից երկուսը բուժվել են։

«Պացիենտների մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մեծ մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որևէ բժշկական միջամտության և նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,- նշեց վարչապետը։

Վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի 11 հոգի կա, 70-ից բարձր տարիքի 5 հոգի: Տարիքային ավագ խմբի հիվանդներից միայն մեկն է թոքաբորբով ծանր, մնացածի վիճակը` բավարար:

«Ընդհանուր առմամբ թոքաբորբով 30 հիվանդ ունենք: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, տարիքը` 77»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 868 մեկուսացված քաղաքացիներ կան, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։

«Հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները: Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում»,- նշեց նա։