«Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա ու չսպասի բարձրացող բողոքի ալիքին»

Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ, և նրանք, ովքեր կփորձեն ինչ-որ այդպիսի որոշում կայացնեն, պետք է հարցաքննեն ինձ, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում կսկսվի:

Անդրադառնալով տավուշյան դեպքերին՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Երբևիցե նախորդ իշխանությունների ժամանակ Ղարաբաղյան հարցում Հայաստանը չի եղել հակամարտող կողմ, Հայաստանը եղել է միջնորդ՝ բանակցություններին, եղել է Արցախի Հանրապետության բնակչության և բանակցությունների երաշխավոր, բայց նոր իշխանությունները ՀՀ-ն ներքաշել են հակամարտության մեջ, իսկ տավուշյան դեպքերից հետո, կարող ենք ֆիքսել, հաստատել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը ՀՀ-ն ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախում կան դավադիր ուժեր, Բալասանյանն ասաց՝ ով նման հայտարարություն է արել, ինքն է դավադիր, և ժամանակը ցույց կտա, որ համար մեկ դավադիրը այդ հայտարարությունն անողն է:

Անդրադառնալով ռուսական «Դոսյե»-ին, որը ՀՀ-ում լրտեսներ է բացահայտել, Բալասանյանը նախ նշեց, որ ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է, իսկ ինչ վերբերում է «Դոսյե»-ին, ասաց, որ պետք է իմանալ, թե դա ինչ աղբյուր է. «Կարելի է գրել, որ 3 մլն-ից ավելի բոլոր ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են ՌԴ-ում, «լրտեսներ», «շպիոններ» են, ինչ է թե մեր հարյուրհազարավոր քաղաքացիներ ՌԴ-ում արտագնա աշխատում են: 6-8 ամիս ապրում են այնտեղ, 4 ամիս գտնվում են Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել այդ մարդիկ լրտեսություն են անում, ինչի՞ մասին է խոսքը: Անտարբեր եղեք նման հայտարարություններին՝ իմ խորհուրդն ու առաջարկությունը ձեզ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում բողոքի ակցիաներին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Բալասանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է սպասի այդ բողոքի ալիքները բարձրանան, պետք է կամավոր հեռանա, ճիշտը դա է: Իսկ թե ում է տեսնում հաջորդ իշխանություն, Բալասանյանը նշեց, որ  իշխանությունը ազգային, հայերեն մտածող իշխանություն պետք է լինի: «Ես անուն չեմ տա, որովհետև ես ապրում եմ Արցախի Հանրապետությունում, իհարկե, մտահոգ եմ Հայաստանով: Սա իմ մեծ հայրենիքն է. առանց Հայաստանի չկա Արցախ, առանց Արցախի չկա Հայաստան»,- ընդգծեց նա:

Հարցին՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպում սպասվո՞ւմ է, Բալասանյանը պատասխանեց․ «Ով ցանկություն կհայտնի հանդիպելու, կհանդիպեմ՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, ես որևէ խնդիր չունեմ»: