«Նիկոլ Փաշինյանը այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050թ.-ի վերափոխման ռազմավարությամբ»

Ալիևի հարցազրույցն ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին շարունակեց այն քարոզչական արշավը, որը նոր թափ էր հավաքել տավուշյան դեպքերից հետո։ Այս մասին գրառում է կատարել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցին, որում նա մի շարք օրինակներով  մեղադրում է հայկական կողմին՝ բանակցությունները տապալելու մեջ։

Ենոքյանը մասնավորապես գրել է․

«Խորհրդանշականն այն է, որ այս մեղադրանքները հնչում են այն բանից հետո, երբ համանախագահներն ուլտիմատումով հայտարարեցին նոր բանակցությունների մասին, այսինքն, այն տոնով արձանագրեցին բանակցությունները, որից փախչել, որը մերժել չի լինի։

Հայտնի է, որ խնդրի վերաբերյալ բանակցություններից խուսափողը սովորաբար դիտարկվում է որպես կոնֆլիկտում մեղավոր կողմ, և Ալիևի խոսքերը մեկ անգամ ևս խորացնում են Հայաստանի նկատմամբ ձևավորվող բացասական վերաբերմունքը։

Ալիևը Ադրբեջանի տեսանկյունից գործում է հստակ․ չափազանցնում է եղած իրողությունները, մոգոնում է նոր փաստեր, անգամ հանդիմանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Այսինքն, ցուց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է օր առաջ լուծել խնդիրը, իսկ Հայաստանը խուսափում է խաղաղ կարգավորումից։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը․ ԱԳՆ խոսնակը «հիաթափեցնող» է անվանում Ալիևի խոսքերը, պաշտպանության նախարարն անդրադառնում է «сам дурак» ոճով, իսկ ԱԳ նախարարը հրաժարվում է Ալիևին մեկնաբանելուց։

Մինչդեռ Ալիևի խոսքերն ուղղված էին Նիկոլ Փաշինյանին, նրան էր Ալիևը մեղադրում իր խոսքերը դրժելու մեջ, բովանդակային պատասխանի նյութ էլ, փառք Աստծո, կար՝ Նիկոլ Փաշինյանը նորից է խոսում մոնիթորինգի ու վերահսկողության մեխանիզմների մասին։

Անհրաժեշտ է հուժկու, Ալիևին չեզոքացնող հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ․ դա ավելի գեղեցիկ է ու անպատասխանատու»։