Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Համաձայն օրաթերթի՝ այդ հանդիպմանը նախորդել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը։

«Եղե՞լ է հանդիպում երկրորդ նախագահի հետ և եթե այո, ապա ի՞նչ է քննարկվել»,- Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

«Այո, իրոք երեկ Նախագահ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման, բնականաբար, մեկն է՝ Արցախը։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու»։