«ԵՄ-Թուրքիա անջատումը խորանում է, հարաբերությունները մոտենում են բեկումնային պահի»․ Բորել

Կիպրոսի հարցով Էրդողանի հռետորաբանությունը սրում է Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում լարվածությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելը, գրում է Reuters-ը։

«Մենք կարծում ենք, որ Կիպրոսի հարցով Թուրքիայի վերջին գործողություններն ու հայտարարությունները հակասում են ՄԱԿ-ի բանաձևերին և էլ ավելի են սրում լարվածությունը»,-հայտարարել է Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Բորելի խոսքով՝ «Թուրքիայի պահվածքն ավելի է խորացնում Անկարայի և ԵՄ-ի միջև եղած անջատումը»։ «Մենք մոտենում ենք Թուրքիայի հետ մեր հարաբերություններում բեկումնային պահի»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցի ժամանակ Կիպրոսում «երկու պետությունների» խնդրի իրավահավասար լուծման կոչ է արել։ ԵՄ-ին չի հաջողվել Անկարային համոզել դադարեցնել Հունաստանի և Կիպրոսի ջրերում հետախուզությունը և մինչ օրս ձեռնպահ է մնացել պատժամիջոցներ սահմանելուց։