«ՀՀ-ում ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի». Լավրով 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նոյեմբերի իննին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի ստորագրած եռակողմ հայտարարությանը, որով դադարեցվել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Հայաստանում բանակցությունների ընթացքում բոլոր կողմներն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի»,-ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի և նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինները նշել են, որ տվյալ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր և որ նրանք միանգամյան հավատարիմ են ձեռք բերված պայմանավորվածության հետագա կատարմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։