«Ավելի քան վստահ եմ, որ իրավապահների գործողությունները ուղղորդված էին իմ անձի դեմ». Արա Սաղաթելյան

Ինձ բերման ենթարկելը ոչ միայն իրավաչափ չէր, այլ նաև ողջամիտ չէր: Ինձ բերման ենթարկելու մեջ ես տեսնում եմ իմ անձի դեմ ուղղված համատեքստ: Այս մասին ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

«Այն կասկածանքն, որ ինձ առաջադրել են՝ հանրահավաքի կազմակերպում, կառավարում և այլն, իրականությունից չի բխում, և կան բազմաթիվ ապացույցներ: Իրավապահ մարմինների գործողությունների մեջ ես տեսնում եմ նպատակաուղղվածություն: Ավելի քան վստահ եմ, որ իրենց գործողությունները ուղղորդված էին իմ անձի դեմ՝ երկրի քաղաքական ղեկավարության կողմից, որոնց մեջ կան անձիք , որոնք մտասևեռվածություն ունեն իմ անձի հետ կապված և սա առաջին գործողությունը չէ, որ իրականացվում է իմ դեմ»,- նշեց նա:

Արա Սաղաթելյանը նշեց, որ շարունակելու է մասնակցել վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին, ընդգծելով, որ ձերբակալությունը ապօրինի է եղել և իրեն որևէ մեկը չի ներկայացրել օրինական պահանջ: