Ես հրաժարվում եմ այն եկեղեցուց, որ իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների հետ է անում․ Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած զոհված հերոսների հիշատակի արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ նշելով, որ հրաժարվում է այն եկեղեցուց, որ «իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների հետ է անում»։

«Ես հրաժարվում եմ այն եկեղեցուց, որ իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների հետ է անում, ամեն ինչ այլևս պղծվում է իմ Հայրենիքում։

Ամեն ինչ կեղծ է, դավում են բոլորը»,- գրել է Տոնոյանը։

Ավելի վաղ Տոնոյանը ևս մի գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում, որում մասնավորապես ասվում էր․

«Նիկոլ դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ»։

Նշենք, որ այսօր Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել զոհված նահատակ մեր հերոսների հիշատակի արարողությունը, մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Կարին Տոնոյայի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։