«ԵՄ-ն պետք է ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ պատրաստի». Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության իր գործընկերներին կոչ է արել «կանաչ լույս վառել» Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների պատրաստման համար, գրում է Reuters-ը: «Ես կողմ եմ լրացուցիչ պատժամիջոցներ նախապատրաստմանը, որոնցում կոնկրետ անձինք կցուցակագրվեն», - ասել է Մաասը բանակցություններին ժամանելուն պես: Նա ընդգծել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ոչ միայն դատապարտվել է ազատազրկման, այլև դատապարտվել է այդ պատիժը կրելու քրեակատարողական հիմնարկում:  «Միևնույն ժամանակ, մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչպես շարունակել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ հարաբերությունները հասել են ցածր մակարդակի», - ավելացրել է Մաասը: Նշենք՝ դիվանագետները հայտնել են, որ Եվրամիությունը մտադիր են սառեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցների ակտիվները, ինչպես նաև ներդնել ճանապարհորդական արգելքներ՝ ի պատասխան Նավալնիի բանտարկության: Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է: Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել էր այն իրական դատավճռով, այն է՝ 3.5 տարվա ազատազրկում: Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ իշխանությունները: