ԱՄՆ-ն չի կարող մասնակցել իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցություններին

ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինել իրանական միջուկային ծրագրի մասնակիցների բանակցություններին, քանի դեռ չի չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն:

«Ներկա պահին ԱՄՆ-ն միջուկային գործարքի մասնակից չի հանդիսանում, որպեսզի մասնակցի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  հարցով նիստերին»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել պատժամիջոցները, չի կարող ներկա գտնվել միջուկային գործարքի հարցով բանակցություններին:

Փետրվարի 18-ին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել Իրանի և «5+1» ձևաչափով այլ մասնակիցների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) հետ բանակցություններին: ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստ է հանդիպում կազմակերպել այդ ձևաչափի մասնակիցների միջև: