Խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեր վրա արդեն 10 000 հայ մարդու արյուն կա

Մենք պայքարում ենք մեր երկրի փրկության համար և որևէ բան մեզ չի կանգնացնի։ Այս մասին այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման մի օրակարգ ունեն՝ միայն իր հեռացման ճանապարհային քարտեզը. «Հակառակ դեպքում ասել ենք օր ու արև չենք տալու, չենք թողնելու աշխատի, իր առօրյան սա է, այս մարդը ինչպես կարող է այս երկրում գործողություններ կատարի։ Եթե մենք իմանանք իր մնալով մեր երկրում հնարավոր է որևէ դրական փոփոխություն, կորուստները չեն շարունակվելու, դա ուրիշ բան, բայց սա ոչ ստանդարտ վիճակ չէ»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հանցագործությունները բաժանվում է չորս փուլի՝ մինչև պատերազմ, պատերազմի ընթացքում, պատերազմից հետո և հիմա ինքը անցել է իր հանցագործությունների չորրորդ փուլին։ Նա նշեց, որ հասնելու են այս չարիքի կառավարության հեռացմանը։

«Այս մարդը փորձում է մեր երկրում հաստատել մեկ մարդու դիկտատուրա, բռնապետություն, ոստիկանական պետություն, որպեսզի կարողանա իր իշխանությունը պահել, մենք մեր անհնազանդության ակցիաները շարունակելու ենք, կփորձեն խոչընդոտել, ձերբակալալ, թող փորձեն, դրանից ոչինչ չի փոխվելու, դեռ տեմպերը գնալով ուժեղացնելու ենք»,–ասաց նա։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այս իշխանությունները ամեն ինչի ընդունակ մարդիկ են, այդ թվում՝ ժողովրդի վրա կրակելու։ «Մեկ անգամ ևս ասում եմ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեր վրա արդեն տասը հազար հայ մարդու արյուն կա, նորը մի ավելացրեք, հեռացեք անցնցում»,–ասաց նա։