Իրավապահները թող իմանան` այս ֆարսը պայթելով չի ավարտվելու. Բեքարյանը՝ Ա.Սաղաթելյանի կալանավորման մասին

Մենք գործ ունենք շատ մեծ, շատ իրական աբսուրդի հետ, ցանկացած մեկի համար, ով այս ամենին կողքից նայելու, այս ամենը պատկերացնելու հնարավորություն ունենա, կստեղծվի տպավորություն, որ ծուռ հայելիների թագավորությունում ենք, հոգեբուժարանում ենք: Այս մասին ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու գործին և դրա շրջանակում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը:

«Խնդրի հետ կապված որևէ հիմք, որևէ առնչություն ինքս չունեմ, վստահ եմ՝ չունի նաև Արա Սաղաթելյանը: Այդ ամբողջ ֆարսը պայթելու է, բայց ասեմ՝ պայթելով չի ավարտվելու: Ես ուզում եմ՝ մեր ողջ իրավապահ համակարգը, առավել ևս այս հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող, անտաղանդ գործընթացի հետ, աչքի առաջ ունենան ընդամենը հետևյալը՝պայթելով չի ավարտվելու»,-ասաց նա:

Կարեն Բեքարյանն ասաց, որ գործ ունենք քաղաքական պատվեր իջեցնող այն մարդկանց հետ, ովքեր չեն ունեցել և չունեն, չեն էլ կարող ունենալ որևէ բարոյական արժեք, որևէ հարցի մոտենալիս չեն կարող հաշվի առնել արժեքները, օրինակ՝ մտածել, թե մարդն ով է, ինչ ճանապարհ ունի անցած:

«Գործընկերներից շատերը նոր ներկայացրեցին Արա Սաղաթելյանի անցած ճանապարհը, նրա ղեկավարածը, թե ինչ է արել: Նա մարդ է, ով պետության զգացողությունը կրում է իր մեջ: Դրա համար պետք է համապատասխան դաստիարակաւթյուն, իսկ այսօր մենք անդաստիարակների իշխանության ներքո ենք ապրում, դրա համար պետք է փորձ, հմտություն, անցած ճանապարհ, որ քո կենսագրությունը գրելուց ոչ թե հիշես, որ մանկապարտեզում, միգուցե, դայակը շնորհակալություն է ասել, այլ ունենաս իրական կենսագրություն ու այդ կենսագրության մեջ պետության, երկրի հետ կապված ինչ-որ բան լինի»,-ասաց Կարեն Բեքարյանը:

Նա ընդգծեց՝ Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ, բայց «մարդկանց ահագին մեծ քանակ իրենց երեխեքից է անեծք լսելու: «Եթե Արա Սաղաթելյանն իմանար, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը»», - ասաց վերլուծաբանը։