Արա Սաղաթելյանի ղեկավարության օրոք աշխատած մասնագետները գրքեր «նվիրեցին» ԱԱԾ-ին

ԱԱԾ-ի առջև այսօր կրկին ակցիա էր՝ ի  աջակցություն ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի: Այստեղ էին նաև հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները, որոնք իրենց հետ բերել էին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված մի շարք գրքեր:

«Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր հանցագործության մեջ նրան մեղադրել:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի բազմամյա աշխատանքի երևի 0.5 տոկոսն ենք կարողացել այսօր ներկայացնել, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորի համար շատ օգտակար կլինեն այս նյութերը:

Իրեղեն ապացույց թիվ 1՝  «Հայատյացությունն Ադրբեջանում» գիրք, որի համահեղինակն ենք ես և Արմինե Ադիբեկյանը:  Այստեղ նկարագրված է և ներկայացված է Ադրբեջանում հայատյացության ամբողջ խնդրի ակունքները, զարգացումը, ներկա իրավիճակը և ապագան, որը, ցավոք սրտի, այնուամենայնիվ հայանպաստ չի լինելու, և պետք չէ ունենալ որևէ պատրանքներ, թե ադրբեջանցիները սկսեցին անսպասելիորեն սիրել»,- ԱԱԾ-ի առջև ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ ցուցադրելով նաև գրքի անգլերեն և ռուսերեն տարբերակները:

Ադրբեջանագետը ներկայացրեց նաև գրքեր, որտեղ արձանագրված էին Ադրբեջանում պետական քաղաքականությամբ հայատյացության ներմուծումը մանկական գրականության դպրոցական գրականության մեջ, խավիարային դիվանագիտության մասին, թե ինչպես է Ադրբեջանը գնում լոբբիստներ ամբողջ աշխարհում, Արցախյան հակամարտության պատմության և քրոնիկոնի մասին գրքեր, և այլն:

Մի շարք գրքեր ներկայացրեց նաև փորձագետ Մարինա Գրիգորյանը, ապա ակցիայի մասնակիցները գրքերը հանձնեցին ԱԱԾ: