2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար

Դեռևս տարեսկզբին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արմեն Եղիազարյանը:

Նրա խոսքով, տարօրինակ էր, որ այս լուրը չարժանացավ ուշադրության, սակայն ինքը կատարել է որոշակի ուսումնասիրություն:

«Կարող եմ հաստատել, որ լուրը և այդ հաշվետվությունն իրականում Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում առկա էին: Համաձայն համաշխարհային բանկի 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, համեմատության համար նշեմ, որ ըստ 2018 թվականի հաշվետվության, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել  7 մլն դոլար»,- ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ այդ առիթով, ինքը հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

«Մեջբերում եմ ԿԲ պատասխանից հատված.

ՀՀ և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսեկությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլև Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա: Համաձայն հրապարակման մեջ առկա Համաշխարհային բանկի մեկնաբանությունների, միգրանտների վերաբերյալ տվյալները տարբեր երկրներում թերի են, իսկ հաշվարկների հիմքում ընկած են միգրանտների քանակների և վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալներ: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում առկա է Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ, իսկ Ադրբեջանում Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ »,- ասաց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի այս պարզաբանումն իր համար ընդունելի չէ: «Քանի որ եթե հենվենք իրենց տրամաբանության վրա, ապա այդ թվերը միշտ պետք է լինեն նույնը՝ հաշվի առնելով, որ հաշվարկի բազային արժեքներն անփոփոխ թվեր են, մինչդեռ այս դեպքում, 2017 թվականի 17 միլիոնը, աճելով մոտ 30 անգամ, 2018 թվականին դարձել է 211 մլն դոլար»,- ասաց պատգամավորը:

Նա նաև ասաց, որ նույն տրամաբանությամբ, ինքը հարցում է ուղարկել նաև համաշխարհային բանկին:

«Ներկայացնեմ հատված այդ պարզաբանումից.

Երկկողմ դրամական փոխանցումները գնահատվում են օգտվելով երկկողմ միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական գործերի վարչության հրապարակված տվյալներից, որոնք էլ իրենց հերթին հիմնված են մարդահամարի տվյալների և կանխատեսումների վրա: Ներկա պահին, փետրվարի 24-ից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները հեռացվել են տվյալների շտեմարանից»,- մեջբերեց պատգամավորը:

Ամփոփելով այս ամենը՝ նա ասաց, որ այդպես էլ չներկայացվեց, թե ինչի արդյունքում է 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան գրանցվել փոխանցումների ցուցանիշի այդպիսի աճ: