Թուրք ծովակալների հայտարարությունը նյարդայնացրել է իշխանության ներկայացուցիչներին

Պաշտոնաթող թուրք ծովակալների հայտարարությունը սուր քննադատության է արժանացել իշխանությունների կողմից, հայտնում է AP-ն:

Ռազմածովային ուժերի նախկին 103 սպա քննադատել է Թուրքիայի առաջարկը՝ Միջերկրականը Սեւ ծովին միացնող Բոսֆորով եւ Դարդանելով նավարկությունը կարգավորող միջազգային պայմանագրից դուրս գալու մասին: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարությունը ստորագրածներին համեմատել է «վախկոտների» հետ: Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլուսը թվիթերում գրել է, որ նրանք «հին Թուրքիայի սիրահարներն են, ովքեր իրենց վեր են դասում ազգի կամքից»:

1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու հնարավորությունը բարձրացվել է այս շաբաթվա սկզբին Բոսֆորը շրջանցող Ստամբուլից հյուսիս գտնվող ջրային ճանապարհի կառուցման քննարկումների ժամանակ:

«Այն փաստը, որ Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալը բաց էր քննարկման համար Ստամբուլի ջրանցքի բանակցությունների եւ միջազգային պայմանագրերից դուրս գալու իրավասության շրջանակներում, մտահոգություն է առաջացրել»,- ասվում է պաշտոնաթող ծովակալների հայտարարության մեջ: «Մենք կարծում ենք, որ պետք է ձեռնպահ մնալ ցանկացած մեկնաբանությունից եւ գործողությունից, որոնք կարող են Մոնտրյոյի կոնվենցիայի քննարկման հանգեցնել, որը կարեւոր դեր է խաղում Թուրքիայի գոյատեւման գործում»,- նշել են նրանք:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ կառավարական պաշտոնյաները զուգահեռներ են անցկացրել Թուրքիայում անցած ռազմական հեղաշրջումներին ուղեկցող հայտարարությունների հետ: Անկարայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել ծովակալների հայտարարության վերաբերյալ:

Թուրքիան հեղաշրջումներ է ապրել 1960-ին, 1971-ին եւ 1980-ին, իսկ 1997-ի ռազմական միջամտությունը  իսլամիստների գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին հանգեցրեց: 2016-ին ձախողված հեղաշրջումը հանգեցրեց ավելի քան 250 մարդու մահվան:

«Մի խումբ պաշտոնաթող զինծառայողների հայտարարությունները, որոնք հիշեցնում են հեղաշրջումների շրջանը, նրանց զվարճալի եւ խղճալի են դարձնում»,- գրել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը Twitter-ում: «Հասկացրեք նրանց, որ մեր սիրելի ազգը եւ դրա ներկայացուցիչներն այդպիսի խանդավառություն  (ռազմական) երբեք թույլ չեն տան խնամակալության նկատմամբ»,- ասել է Քալինը: Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զինված ուժերը չեն կարող որպես «ագահության, փառասիրության եւ անձնական նպատակներին հասնելու միջոց օգտագործվել նրանց համար, ովքեր որեւէ պատասխանատվություն կամ պարտականություն չունեն»: