ՌԴ դեսպանը կվերադառնա ԱՄՆ, երբ ամերիկացիները «գոնե ինչ-որ բան» կանեն. ТАСС

ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի՝ Միացյալ Նահանգներ վերադառնալու ժամկետը կախված է նրանից, թե Վաշինգտոնը ինչ քայլեր կձեռնարկի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ դիվանագիտական աղբյուրին հղումով:

«Դեռ վաղ է խոսել դեսպան Անտոնովի Վաշինգտոն վերադառնալու կոնկրետ ժամկետի մասին: Մեծ հաշվով, այստեղ ամեն ինչ կախված է ամերիկյան կողմից, որը պետք է գոնե ինչ-որ բան անի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտնել է աղբյուրը:

Բացի այդ, գործակալության զրուցակիցը նշել է, որ խորհրդակցությունները, որոնց համար Անտոնովը հրավիրվել էր Մոսկվա, այժմ «շարունակվում են և բուռն ընթացքի մեջ են»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մարտի 16-ին Անտոնովին կանչել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների: Դա արվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ աղմկահարույց հարցազրույցի հրապարակումից մի քանի ժամ անց, որում նա հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «մարդասպան»:

Մեկնաբանելով դեսպանի հետկանչը՝ ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է այն բանի համար, որ վերջին տարիներին ռուս-ամերիկյան հարաբերությունները «փակուղի են մտել»:

Ի պատասպան ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ չի նախատեսում Մոսկվայից ԱՄՆ դեսպանին կանչել խորհրդակցությունների: