Այս իշխանությունները տարիներ շարունակ փորձել են քողարկված իրականացնել թրքասիրության քարոզ. «ՎԵՏՕ» շարժման անդամ

Այսօրվա ակցիան խորհրդանշական է, մենք մեզ հետ բերել ենք թուրքական ֆես, որը պատրաստվում ենք տեղադրել թուրք իշխանությունների գլխին ու վռնդել մեր կյանքից ու երկրից, քանի որ Հայաստանի ապագան ու այլ իշխանությունների գործողություններն այլևս անհամատեղելի են. Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը:

Նշենք, որ Շառլ Ազնավուրի հրապարակից «ՎԵՏՕ» շարժման անդամները քայլերթով շարժվեցին դեպի Կառավարություն:

«Այս իշխանությունները ոչ միայն թրքահպատակ են, այլ նաև թուրք են, որովհետև հայկական սեկտորում տարիներ շարունակ փորձել են քողարկված իրականացնել թրքասիրության և ադրբեջանասիրության քարոզ և հիմա այնքան են լկտիացել, որ բացահայտ խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության, առևտրային հարաբերություններ հաստատման, ճանապարհներ բացելու, շփվելու, սիրահետելու մասին այն պարագայում, երբ ունենք հազարավոր անհետ կորածներ և գերիներ»,- նշեց նա:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ունենք նաև կին գերի, սակայն դեռևս զոհերի և գերիների թիվը հստակ չի ներկայացվում. «Մենք ամբողջ ինֆորմացիան ստիպված ստանում ենք ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնողներից: Վերջին տվյալներով՝ 3500 դիմում է ստացվել անհետ կորածների վերաբերյալ»: