Ի՞նչ է նշանակում կիրակի վարչապետը հրաժարական տա, երկուշաբթի նրան առաջադրեն վարապետի թեկնածու. Էդգար Ղազարյան

Ակնալում եմ, որ քիչ հետո մեզ կմիանա նաև նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում երեկ ևս հրավիրել եմ հանդիպման, կարծում եմ՝ նա ինչ-որ ձևով տեկեղացված է այս նախաձեռնության մասին: Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ով Նիկոլ Փաշինյանին հրավիրել է՝ հանրայնորեն քննարկելու վերջինիս գործունեության սահմանադրականության հարցը։

«Նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո, երբ նախագահն այդ ընդունում է և դրա արդյունքում ընդունում է նաև Կառավարության հրաժարականը՝ նա այլևս վարչապետի պաշտոնում լինելու որևէ իրավունք չունի և Սահմանադրության այն դրույթը, որով սահմանվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, մինչև նոր Կառավարության ձևավորումը, հասկանալիորեն վերաբերվում է Կառավարության մյուս բոլոր անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել:

«Մենք տեսանք ցավալի իրողություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները, ներկայացել է Կառավարության շենք, կայացրել է իր լիազորություններից բխող որոշումներ, նշանակումներ է կատարել, որը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման հատկանիշ է»,-նեկայացրեց Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը հավելեց նաև, որ երեկ տեղի ունեցած վարչապետի ընտրությունները թարմացրել է անօրինությունների շարքը, երբ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն կողմ էր միայն մեկ պատգամավոր: Վերջինս նշեց՝ եթե վարչապետի թեկնածուին ընդամենը մեկ անձ է քվեարկում, ստացվում է, որ խորհրդարանը դեմ է նրան, իսկ եթե դեմ է, ապա տվյալ անձը խորհրդարան մտնելու իրավունք չունի:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հանցավոր համարեց նաև այն պայմանավորվածությունը, որը Փաշինյանը կազմել էր ԼՀԿ և ԲՀԿ ղեկավարների հետ: Մեջբերելով այն խոսքը, թե այս խորհրդարանն ընտրվել է ժողովրդի կողմից՝ Ղազարյանը նկատեց, որ որևէ ուժ իրավունք չունի տապալելու ժողովրդի ընտրությունը, քանի որ այն ընտրվել է 5 տարի ժամկետով պաշտոնավարելու համար, իսկ վարչապետը կարող է ցանկացած ժամանակ հրաժարական տալ:

«Չի կարելի մեր երկիրը և հասարակությունը ենթարկել ծաղրի, ի՞նչ է նշանակում կիրակի վարչապետը հրաժարական տա, երկուշաբթի նրան առաջադրեն վարչապետի թեկնածու, մեկ շաբաթ հետո չընտրել նրան, խեղկատակություն է սա: ՀՀ ոչ մի արժանապատիվ քաղաքացի չպետք է թույլ տա, որ մեր երկրի հետ նման կերպ վարվեն, ի՞նչ ընտրության մասին է խոսքը, պետք է լինի միայն մի ընտրություն՝ վարչապետի ընտրություն և սա պառլամենտի պարտականությունն է»,-շեշտեց Ղազարյանը: